Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Игра стоит свеч

Игра стоит свеч
20.03.2009 | 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Տեր-Պետրոսյանի վերջին քայլով պայմանավորված ներքաղաքական վերադասավորումները դեռ չեն ավարտվել, բայց ընդհանուր օրինաչափություններն արդեն իսկ ակնհայտ են:

Իշխանական ճամբարը ցուգցվանգի մեջ է, նախագահական ընտրությունների դառը փորձից հետո այնտեղ չեն կարողանում անգամ մեկ քայլից ավելի հաշվել: Անցնող տարվա ընթացքում իշխանության գործողություններում այդպես էլ չնշմարվեցին ընդդիմության և, ընդհանրապես, քաղաքական դաշտի հետ աշխատելու լուրջ մոդիֆիկացիաներ, չմշակվեցին հոգեբանական ռեսուրսների հակադրման և որ ամենակարևորն է` օպերատիվ արձագանքի ֆորմուլաներ:
Զարմանալի, իսկ գուցե նույնիսկ օրինաչափ է, որ իշխանությունում այդպես էլ չտիրապետեցին Տեր-Պետրոսյանի դեմ իրական պայքարի մարտավարությանը: Իրենց համար չֆիքսեցին պարզ մի ճշմարտություն` Տեր-Պետրոսյանի անվրեպ աշխատող բանալին անակնկալների մարտավարությունն է, որին պետք է հակադրել նույնքան պատրաստի մոդուլներ: Ինտրիգների «ռազմավարությունը» որպես ուղիղ ճանապարհ նախընտրած իշխանություններն իրենց երբեք նեղություն չտվեցին մտնելու քաղտեխնոլոգիաների առավել նուրբ դաշտ, և արդյունքում, նույնիսկ մեկ տարի անց, ստացվեց, ինչպես միշտ: Չնայած հարց է` արդյոք իշխանություններն ուզո՞ւմ էին «լավ»:
ՈՒ նավթալինոտ` «իսկ գուցե Տեր-Պետրոսյանը գյուղապե՞տ էլ դառնա» առաջին ռեակցիան քաղաքական «արարման» ու ստեղծագործ մտքի «նշույլի» մասին չէ, որ խոսում էր, բայց որ մատնում էր մտքի հետևում կանգնածների ցայտնոտային վիճակը, հաստատ է:
Այժմ հաշվենք, թե մեկ տարի անց (տեսնո՞ւմ եք` ինչ կարմա է. նրանք կկանգնեն միմյանց դեմ այնքան, քանի դեռ չեն պարպել իրենց միջուկում եղած ներքին էներգիան ու չեն հասել տիեզերաբանորեն տրված դասի յուրացմանն ու հանձնարարականի կատարմանը) կրկին միմյանց դեմ կանգնած «մրցակիցներն» առկա ինչ ռեսուրսներ ունեն: Մինչ այդ որպես միջանկյալ ռեմարկ ֆիքսենք, որ այս ընտրությունները, որքան էլ լինեն «գյուղապետական», պայքար են Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև, և Գագիկ Բեգլարյանը կարող է հեռադիտակը դնել աչքերին ու հետևել, թե ինչ կոնֆիգուրացիաներով է ընթանում սույն ճակատամարտը:
Տեր-Պետրոսյան:
ա) Հենց միայն նրա առաջադրման փաստը «խառնշտորեց իշխանական տան փորոտիքը», հզոր ռեսուրս-ռեզոնանս դարձավ, ինչը հանգեցրեց թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարների վերադասավորման:
Ասել է` առայժմ խաղի տերը Տեր-Պետրոսյանն է: Իսկ այդ դիրքային առավելությունը ոչ միայն փայլուն ստարտ, այլև հոգեբանական կարևոր գործոն է` մարտի մնացյալ փուլերը ևս սեփական մոդիֆիկացիայով առաջ տանելու համար:
Այն, որ իշխանությունները չեն կարողանում մեկից ավելի հաշվել, ակնհայտ էր նաև նրանց շտապողականությունից, ինչին հակառակ, ընդդիմությունն սպասեց, հնարավորություն տվեց, որ իշխանությունը դրսևորվի` իր բոլոր «պրելեստներով», խաղաքարտերով:
Ակնհայտ է, չէ՞. մի բան է, երբ կա Տեր-Պետրոսյան թեկնածու, մեկ այլ` երբ չկա: Հասկանալի է, չէ՞, որ իշխանական ռեսուրսների մեկտեղման առումով ստեղծված առկա իրավիճակն ամենևին էլ շահեկան չէ իշխանությունների համար, որովհետև ճիշտն այս պարագայում իշխանական միասնական մասնակցությունն էր ընտրություններին, որովհետև ընտրությունները, որքան էլ «պոռան» գյուղապետական` լոկալ նշանակության են, այնուհանդերձ, դրանք քաղաքական ընտրության են վերածվել:
Հասկանալի է, չէ՞, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո (կարելի է պատկերացնել, թե որքան են ուրախացել դրանից ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, և, իհարկե, մի քանի կին ատամնատեխնիկներ, չմոռանանք նաև պարոն Օսկանյանի ընդդիմադիր հայտարարությունները` ինքը նոր ուժով վերադառնում է քաղաքականություն և ստորագրում է Տեր-Պետրոսյանի ելույթի տակ) կոալիցիայի բոլոր անդամներին հրահանգ կտրվի` աշխատել բացառապես Գագիկ Բեգլարյանի օգտին:
Բայց` ոչ միայն: Կարծում եք` ընտրություններից հետո ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Սամվել Նիկոյանը դարձյալ, ինչպես պառլամենտական ընտրություններից անմիջապես հետո, կկանգնի խորհրդարանի միջանցքում, բոլորի ներկայությամբ (նաև այնպես, որ լրագրողներս անպայման լսենք) կբացականչի՞. «Ստյոպա, կոկորդներս պատռվեց էնքան քարոզեցինք «Ժառանգության» օգտին» (խոսքն ուղղված էր «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանին):
Ճի՛շտ եք կարծում: Որովհետև կոալիցիային հրահանգ կտրվի ո՛չ միայն աշխատել Բեգլարյանի օգտին, այլև «Ժառանգության»: Գուցե` ավելի շատ:
Ի դեպ, իշխանություններն արդեն իսկ տվել են այդ հրահանգը: ՈՒ հիմա շատ տեղին է հարցմունքը` «ո՞նց էր համը իմ ձագի», իմա` Հովհաննիսյան-կրտսերի. հիշենք, որ նույն իշխանության բաց աչքի առաջ «Հայլուրն» օրեր առաջ գրեթե «անվանարկեց» Հովհաննիսյան-ավագին` րաֆֆիամերձ տարածքներից ստանալով «դավաճաններ» որակումը:
Մի խոսքով, ՀՀԿ «կրտսերները»` պարոնայք Շարմազանովը և Աշոտյանը, քափ ու քրտինք մտած, «կոկորդները պատռելով», «էս կողքի սնից կախված» հրացաններն առան ու «ղաչաղ գրվեցին»` իրենց բան ու գործը թողած, ջահել-մատղաշ կրծքով պաշտպանելով Հովհաննիսյան` նույնքան կրտսերին:
բ) Ընտրությունների ցանկացած ելքի` թե՛ պարտության (այս հարցում, իհարկե, իշխանություններին կօգնեն ԿԸՀ հայտնի ծովանկարիչները), թե՛ հաղթանակի դեպքում Տեր-Պետրոսյանը միայն շահում է, և ընդդիմության սկսած այս պարտիան, իսկապես, ...........:
Քաղաքապետի ընտրություններն ուղղակի «գտածո» էին` պասիվության, արտաքին քաղաքական պարտնյորների կողմից քիչ-քիչ մոռացվող ընդդիմության համար` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից, հայ-թուրքական սահմանի (երբ դեռ չի որոշվել, ով է սահմանի բացման «պապան»` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը, էնտեղ էլ Սերժ Սարգսյանը ջան-ջիգյար է անում Լևինսկու, էլի խառնեցինք` Քլինթոնի հետ) բացումից առաջ:
Եվ եթե մինչ այս ընդդիմությունը, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը, «խնդրավոր» էր, հիմա արդեն հավասարազոր ու հաղթության շանսերի տեր, լիարժեք «պարտնյոր», այո, նաև մահակ է իշխանությունների գլխին, տարածաշրջանային, ղարաբաղյան, առաջիկա զարգացումներում:
Ընդ որում այն, ինչ մինչ այս խանգարում էր ընդդիմությանը, կդառնա աշխատող հզոր գործոն: Նկատի ունենք քաղկալանավորների ֆակտորը: Ի դեպ, հիշենք, որ նրանց հանդեպ «պատրաստվում» էր համաներում իրականացնել Հանրային խորհուրդը: Դուրս է գալիս, որ Հանրային խորհուրդը նույնպես պետք է «վերադասավորվի» (՞):
գ) Չծանրանանք ընդդիմության ոչ պակաս կարևոր «ռեսուրսներից» հաջորդի` տնտեսական ճգնաժամի վրա. այդ մասին խիստ հանգամանալից և տարողունակ «արտահայտվել» է Տեր-Պետրոսյանը` հանրահավաքային իր վերջին ելույթում: Ասենք լոկ, որ ըստ հավաստի տվյալների` Հայաստանում դոլարի իրական արժեքն արդեն 500 դրամ է, ու որքան էլ կառավարությունն ասում է` «լողացնում» է դրամը, այնուհանդերձ «ձկնիկը» դեռ լիարժեք լող չի տալիս և «զսպվում» է: Իսկ իշխանական այդ «զսպվածության» ռեսուրսը, հաստատ, անսահմանափակ չէ:
Եվ վերջապես, ամենակարևորը.
գ) Մայիսի 31-ին տեղի ունենալիք ընտրությունների առանձնահատկությունը. այն հիշողությունների ընտրություն է: Եվ ամենամեծ ռեսուրսը, որ ունի ընդդիմությունը, հենց դա է` հոգեբանական այս նուրբ գործոնը, որը հայ էթնոսի դեպքում շատ լավ է աշխատում: Նախագահական ընտրությունների, մարտի մեկի, դրան հաջորդած ընդդիմություն-իշխանություն չկայացած երկխոսության էներգիան հետ գալու և առարկայական «պատկերի» է վերածվելու. իսկ նման էներգիա որսալու մոգական վարպետություն հաստատ ընդդիմության առաջնորդն ունի և դնելով այն վիբրացիայի մեջ, կարողանալու է այդ ռեակցիայից ստանալ ամենաանհրաժեշտ հավասարումը. քարոզելու են և հիշելու են, որ մարտի մեկ եղավ, ընտրելու ու հիշելու են, որ Սերժը «չընտրվեց», հանրահավաքվելու ու հիշելու են, որ տղաները բանտարկված են, երթ են անելու ու հիշելու են, որ... և այդպե՜ս շարունակ:
Ընդ որում, իշխանություններին ընտրության ողջ ընթացքում, իրադրային հանգամանքներով պայմանավորված, երբեք չի լքելու վախը, որ ինչ-որ մի փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է միանալ Տեր-Պետորսյանին, եթե դա ավելի վաղ տեղի չունենա:
Իսկ այս պահի դրությամբ արձանագրենք` բացի վարչական, նյութա-փողային իսկապես հզոր լծակներից, ինչպես նաև ԿԸՀ ծովանկարիչների կոհորտային «նվիրվածությունից», «Ժառանգությունն» ամենագործուն «մեխանիզմն» է, որ կարող է լիքը ջուր ածել իշխանության ժանգոտ մեխանիզմին, ու քչից-շատից տանելի դարձնել նրա վիճակը:
Ընդդիմադիր էլեկտորատը փոշիացնելու, պայքարն ընդդիմություն-իշխանություն դաշտից ընդդիմություն-ընդդիմություն դաշտ տեղափոխելու, հասարակության ուշադրությունը շեղելու առումով «Ժառանգությունն» իսկապես «գտածո» է իշխանությունների համար:
Պարզ է, չէ՞, որ Րաֆֆիենք ու Լևոնենք մի լավ իրար կգզեն այդ ողջ ընթացքում. Աստված տվել-չի խնայել` երկու կողմում էլ լուրջ էսկադրոն ու «զինուժ» է կուտակված:
«Ժառանգությունն» էլ իր հերթին մսաձուկ (ни рыба, ни мясо իրեն մշտապես հատուկ) տարբերակներից ընտրել է ամենաանժառանգը, և ինչպես միշտ եղել է իր դեպքում` կիսահղի տվայտում է` աբորտի սեմինարներին իր առողջ մասնակցությամբ, ծեքծեքումի այդ մարտավարությամբ հիշեցնելով հայտնի պերսոնին, որ անտանելի է դարձել, համ էլ ծեր է ու շատակեր:
Չնայած կա այլ «հաշվարկ» ևս: Հասկանալի է` «Ժառանգությանը» սպասվող ընտրություններին միայնակ «տանելու» մարտավարությունն իշխանությունների սրտով է նաև այն պատճառով, որ «ոտնատեղ» է պատրաստվում ապագա նախագահական ընտրությունների համար. այն է` փորձ է արվում այս ընտրություններով խաղից մեկընդմիշտ հանել «Ժառանգության» ու նրա կողմից առաջադրվելիք ապագա նախագահական թեկնածուին` Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև դժվար չէ հաշվել, թե ոնց է ժողովրդի մի ստվար մասն ատելու և չի ներելու «Ժառանգությանը»` ՀԱԿ-ի հետ չգնալու համար:
Եվ վերջում, թե կա մեկը, որն այս պահին և ամբողջ այս ֆոնին շահում է, Գագիկ Բեգլարյանն է. նա նկարվում է Լևոնի հետ` կողք կողքի, ձեռը` «պապիրոս», ինչպես Լևոնը, և սպասում «լուսաբացներին»;
Էլ ե՞րբ էին «հավասարության» այդպիսի առավոտներ բացվելու նրա համար:
Երբե՛ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6034

Մեկնաբանություններ